ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«ՀՀ ղեկավարությունը ներկայումս վարում է ճկուն և համարժեք արտաքին քաղաքականություն»

«ՀՀ  ղեկավարությունը ներկայումս վարում է ճկուն և համարժեք արտաքին քաղաքականություն»
08.09.2015 | 00:45

«Թուրքիան լիովին ներքաշված է գերտերությունների պայքարի մեջ։ Այդ երկրում տիրող լարված իրավիճակը կարող ենք բացատրել արևմտյան գերտերությունների, գլխավորապես ԱՄՆ-ի հետ ունեցած Թուրքիայի նախագահ Էրդողանի տարաձայնություններով»,- խոսելով հարևան երկրում վերջին զարգացումների մասին՝ մեզ հետ զրույցում այս կարծիքը հայտնեց թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ։
Ըստ թուրքագետի՝ տարաձայնությունները սրվեցին այն ժամանակ, երբ արևմտյան երկրների պնդմամբ Թուրքիան պետք է ներխուժեր Սիրիա՝ պայքարելու ընդդեմ Ասադի, սակայն Էրդողանի այդ փորձը կանխեց Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը, և կարելի է ասել՝ այդ ժամանակահատվածից հետո Էրդողանն ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սկսեցին համեմատաբար ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքական կուրս իրականացնել՝ շատ հաճախ այդ քաղաքական կուրսը չհամաձայնեցնելով Արևմուտքի ղեկավարների հետ։ Բացի այդ, Թուրքիայի ներքին լարվածության վրա իր ազդեցությունն ունեցավ նաև մերձավորարևելյան տարածաշրջանում առկա ճգնաժամը։ «Մասնավորապես, ներկայումս սրվել են ինչպես Էրդողանի իշխանության և ԱՄՆ-ի, այնպես էլ քրդերի և Արևմուտքի հարաբերությունները։ Սադամ Հուսեյնի իշխանության տապալման հարցում ԱՄՆ-ին մեծ աջակցություն ցուցաբերեցին քրդերը, որից հետո արևմտյան երկրների օժանդակությամբ Իրաքի հյուսիսային հատվածում քրդերը ստեղծեցին Քրդստանի Ինքնավարություն Մասուդ Բարզանիի գլխավորությամբ։ Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, Բարզանին ևս շեղվեց արևմտյան քաղաքական կուրսից, ինչի հետևանքը եղավ այն, որ ԱՄՆ-ը Քրդստանի բանվորական կուսակցությունը հռչակեց ահաբեկչական կառույց։ Այնուհետև ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների նախաձեռնությամբ թուրքական ուժերը պայքար սկսեցին քրդերի դեմ, մասնավորապես, Իսլամական պետության դիրքերի հետ մեկտեղ ռմբակոծվում էին նաև քրդական դիրքերը, ինչն էլ ավելի սրեց լարվածությունը Թուրքիայի արևելյան նահանգներում։ Այնպես որ, ներկայումս Թուրքիայում առկա թուրք-քրդական բախումները, քրդական ահաբեկչությունները միանշանակ կարելի է դիտարկել արևմտյան և արևելյան գերտերությունների, հիմնականում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի և այլ տերությունների միջև մղվող պայքարի համատեքստում։ Քանի դեռ գերտերությունների միջև պայքարում լարվածության նվազման միտում չի գրանցվում, նման նշույլներ չեն երևա նաև թուրք-քրդական հարաբերություններում, և Թուրքիայում իրավիճակը կշարունակի մնալ անկայուն»,- նշում է Մուշեղ Խուդավերդյանը։
Մեր զրուցակիցը նկատում է նաև, որ քուրդ ահաբեկիչների միջոցով ԱՄՆ-ն այսօր փորձում է հնարավորինս ճնշել Էրդողանին և ստիպել նրան իր քաղաքականությունը համաձայնեցնել արևմտյան երկրների շահերի հետ։
Հետաքրքիր է, որ քրդական գործոնն առկա է ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրաքում, Սիրիայում, Իրանում։ Փորձագետը նկատում է, որ քրդերն ունեն տարբեր քարտեզներ, և ստեղծվելիք քրդական պետության մեջ քրդերի տեսլականում կան տարածքներ ինչպես Թուրքիայից, Իրանից, Սիրիայից, այնպես էլ Հայաստանից։ Ըստ մեր զրուցակցի ՝ ամբողջ աշխարհի քրդերի համախմբման հավանականությունը այնքան էլ մեծ չէ։ Քրդստանի բանվորական կուսակցության ղեկավար Աբդուլահ Օջալանի ձերբակալումից հետո, երբ քրդերը փաստացի կորցրին իրենց առաջնորդին, քրդական ղեկավար ճամբարում մինչ այժմ շարունակվում են հակասությունները միասնական առաջնորդի հարցում։ Հակասություններ կան հատկապես Քրդստանի աշխատավորական կուսակցության ղեկավար Մուրադ Քարայըլանի ու Քրդստանի Ինքնավարության ղեկավար Բարզանիի միջև։ Այժմ քրդերը և Քրդստանի անկախ պետության ստեղծման գաղափարը ծառայեցվում են որպես գործիք գերտերությունների շահերի սպասարկման համար։
Որոշ վերլուծաբաններ նշում են, որ լարված իրավիճակը Թուրքիայում կարող է հանգեցնել այդ երկրի մասնատման, ինչի հետևանքով կարող է երևան գալ Սևրի պայմանագիրը։ Մուշեղ Խուդավերդյանը նշում է, որ Սևրի պայմանագիրը գործնականում կորցրել է իր ուժը և մնացել 20-րդ դարասկզբում. «Տեսականորեն հնարավոր են այնպիսի սցենարներ, որոնք մասնատեն թուրքական պետությունը, սակայն Թուրքիայի ղեկավարությունն էլ բավականաչափ ուժեղ դիրքերում է, և դեռևս վաղ է խոսել Սևրի պայմանագրի մասին, առավել ևս, որ այդ պայմանագրի դրույթներն արդեն մեկ դար մնում են չկատարված»։
Ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ իշխանությունների դիրքորոշումը Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Թուրքագետն ընդգծում է, որ մեր իշխանությունները վարում են բավականին ճկուն և համարժեք քաղաքականություն, որպեսզի գերտերությունների պայքարի դաշտը չտեղափոխվի Հայաստանի տարածք. «Հայաստանը պահպանում է լավ հարաբերություններ ինչպես ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի, Արևմուտքի այլ երկրների, և այս առումով կարող ենք ասել, որ ճկունությունն ու համարժեքությունը լավագույն արտաքին քաղաքականությունն են Հայաստանի համար»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ